Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

38 տարի առաջ ընդհատված պատմություն, որի ընդհատումն ինչ է նշանակում` արդեն ոչ ոք երբեք չի իմանա

38 տարի առաջ ընդհատված պատմություն, որի ընդհատումն ինչ է նշանակում` արդեն ոչ ոք երբեք չի իմանա
16.06.2009 | 00:00

ԲԱՑԱՏՐՎԱԾ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՐԸ
38 տարի առաջ, հունիսի 17-ին, հայրական տնից Երևան վերադառնալու ճանապարհին բեռնատարին բախվեց Պարույր Սևակի ավտոմեքենան: Անհասկանալի այդ վթարի հետևանքներն անդառնալի էին` 47 տարեկանում վախճանվեց բանաստեղծը: Վթարից վախճանվեց և կինը` Նելլի Մենաղարաշվիլին: Մեքենայում գտնվող տղաները, բարեբախտաբար, փրկվեցին:
38 տարի առաջ... Վերջին գիրքը` «Եղիցի լույս»: Հրապարակվեց արդեն մահից հետո: «Ինչ լինում է, թող որ լինի միանգամից»` իր ցանկությունն էր, բայց հաստատ մահվանը չէր վերաբերում:
38 տարի հետո Պարույր Սևակի ողբերգական, անժամանակ մահը նույն ցավն ու շոկն է հարուցում, ինչ 1971-ին: Կորուստը մնացել է կորուստ` անդառնալի ու դառը:
38 տարի հետո ակնհայտ է նրա բանաստեղծական ներկայությունը, ասես ոչ մի տեղ չի հեռացել ու այս բոլոր տարիներին եղել է մեր կողքին ոչ միայն իր գրքերով, այլև ֆիզիկական ներկայությամբ: Այդպիսին է նրա պոեզիայի էներգետիկան: Այդպիսին է նրա խոսքի ներգործությունը:
38 տարի հետո այնքան հեշտ ու համարյա անհնար է գնահատել նրա ժառանգությունը: Նախ` ԲԱՆԱՍՏԵՂԾ, նախ` ԳՐԱԿԱՆԱԳԵՏ, նախ` ՔՆՆԱԴԱՏ, նախ` ԸՆԹԵՐՑՈՂ, նախ` ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ... Ապա` ԲԱՆԱՍՏԵՂԾ, ապա` ԳՐԱԿԱՆԱԳԵՏ, ապա` ՔՆՆԱԴԱՏ, ապա` ԸՆԹԵՐՑՈՂ, ապա` ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ... «Նախ»-ի ու «ապա»-ի այդ անորսալի միջակայքում ԲԱՑԱՏՐՎԱԾ ԱՇԽԱՐՀ` համարյա մի դար` իր ժամանակի մեջ: Դժվար աշխարհ ու դժվար ժամանակ` ապրելու համար, գրելու համար: Հասկացվելու համար:
Նա պոեզիա մտավ Չարենցից հետո: Բայց` համարյա առանց Չարենցի: Ինքը գիտեր` ի՛նչ է նշանակում Չարենցից հետո բանաստեղծություն գրելը: Ինքնասպանություն: Նվազագույնը` «Հասկացա, որ բանաստեղծ չեմ»: Գրեց: ՈՒ` աշուղական նեյնիմիզմի, գավառական անգրագիտությունը բարձրագույն ազգասիրություն հրամցնելու դռները փակեց: Միանգամից: Մաքրեց պոեզիայի ավգյան ախոռները, որ Չարենցից հետո ցախավել չէին տեսել: Գրականություն վերադարձրեց մոռացված-անտեսված-արհամարհված մի հասկացություն` չափանիշ, ու բանաստեղծության չափանիշ տվեց: Դարին արժանի: Դարի սահմանները ժամանակի մեջ անսահմանությանը հավասարեցնող: Բանաստեղծություն վերադարձրեց մարդուն: Մարդուն` ափի մեջ: Վեցերորդ զգայարանով զգաց` քիչ է:
Տիրոջ նման մտավ գրականագիտություն. նրա «Սայաթ Նովան» նմուշ է` ինչպես ուսումնասիրել նյութը: Տիրոջ նման նպատակ, խնդիր ու իմաստ տվեց քննադատությանը: Հասկացավ` քիչ է: Նամակներում փորձեց բացատրել: Բացատրեց: Հոգնեց: Ձանձրացավ: Պոեզիայից` հոդվածներ, հոդվածներից` հրապարակախոսություն` ամեն տողում ինքն էր, խայտառակ մաքսիմալիստ, անողորմ երազող, հավերժական իրատես, բանաստեղծության մեջ` բանաստեղծություն ստեղծող ու բանաստեղծություն սպանող:
Եվ, որ արդեն ախտորոշում էր, բոլոր ձևաչափերում մնաց ուսուցիչ: Հարկադրված` ուսուցիչ: Չցանկանալով` ուսուցիչ, որովհետև իր համար վաղուց արդեն անցած դաս էր ու հետաքրքիր չէր, իր համար ձանձրալի էր, բայց պետք էր կրկնելով սովորեցնել: Օրինակ տալով` սովորեցնել: Հասկանալով` ուսուցիչ:
Եվ, որ արդեն ախտորոշում էր, սահմանախախտ, որ նոր սահմաններ էր բացում, ու դա կոչվում էր ավանդույթ:
Եվ, որ արդեն ախտորոշում էր, միշտ ու ամենուրեք վերջին խոսքի իրավունքով: Նոր չափման մեջ` չորրորդ, որտեղ ծանոթ աշխարհի օրենքները չէին գործում, որտեղ օրինաստեղծը միշտ այդ աշխարհի տերն է, ու նա է պատասխանատուն տարվա հինգերորդ ու հաջորդ եղանակների:
Եվ ինչպես Չարենցից հետո, նրանից հետո արդեն ինքնասպանություն էր բանաստեղծություն գրելը: Բայց չգրելը` նույնպես: Որովհետև հայոց բառը նորից համ ուներ, որովհետև այդ բառերից հետո քիմքիդ մնում էր անանց մի խտղտոց, որի ձգողականությունը հավասարազոր էր տիեզերական ձգողականությանն ու այնպես բնական, բանական ու տրամաբանական էր, որ բառը աշխարհի սկիզբ ու վերջ է, ու բառի մեջ աշխարհ կա: Եվ իմաստ ուներ գրելը, և իմաստ ուներ գրածը:
Եվ նրանից հետո արդեն ակնհայտ էր, որ հայ գրականությունը, ինչպես Չարենցի օրոք, համաշխարհային գրականության մաս չէ, այլ հենց այդ գրականությունն է:
ՈՒ այսքանից հետո արդեն նույնիսկ անհեթեթ էր գրականությունն աշխարհի կենտրոն ու աշխարհի կենտրոնը գրականություն չհամարելը:
Ընդամենը 47 տարի: 38 տարի առաջ ընդհատված պատմություն, որի ընդհատումն ինչ է նշանակում` արդեն ոչ ոք երբեք չի իմանա: Բանաստեղծությունների գրքի բացվող ամեն էջի հետ վերսկսվող պատմություն, որի շարունակությունը յուրաքանչյուրը յուրովսանն է ապրում:
Պատմություն, որին կարող ես անվերջ վերադառնալ, անվերջ վերադարձը համարելով այն պարտադիր աստիճանը, որտեղ գտնում ես քեզ ու քո հայրենիքը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4712

Մեկնաբանություններ